Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

2. ԴՈՒ ՔԵԶ ԿՈՒՌՔ ՉՇԻՆԵՍ

2. ԴՈՒ ՔԵԶ ԿՈՒՌՔ ՉՇԻՆԵՍ
09.03.2010 | 00:00

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
Այս պատվիրանն առաջինի շարունակությունն է և հաստատում է «ուրիշ աստվածներ չունենաս» խոսքը, բայց այս անգամ ավելի հրամայական՝ «Կուռք չշինե՛ս»: Քանզի Արարիչը չափազանց լավ գիտի, որ իր ստեղծած մարդն Աստծուն երկրպագելու հոգի ունի: Եվ երբ մարդ կամ չի ճանաչում, կամ էլ թողնում է իր ճշմարիտ Աստծուն ու մոռանում է նրան, ապա այդ հոգին կենսական պահանջ ունենալով իր Արարչին երկրպագելու և հարաբերվելու, հաճախ սկսում է երկրպագել ստեղծվածներին ու ոչ թե Ստեղծողին: Իսկ ինչո՞ւ: Որովհետև դրախտի պարտեզում մարդը մերժեց իրեն ստեղծող Աստծուն: Եվ մոլորված ադամորդիներս, որ ճշմարիտ Աստծո կարիքն ունենք, մեր մեղքերի պատճառով ճշմարտությունից հեռանալով, շատերս կամա թե ակամա ստությանը հարեցինք և բազմիցս չաստվածներին աստվածացրինք: Օրինա՞կ եք ուզում…
Շատ հեռուն չնայենք: Մեր անցած 70 տարիները քննենք, մեկ անգամ ևս մտաբերենք, թե ի՛նչ էինք անում և ո՛ւմ էինք երկրպագում, ո՛ւմ էինք փառք տալիս։ Հիշելն անգամ ամոթ է, բայց հետևանքն էր սարսափելի: Մոլագարի տենդով բռնված մեր հայրերն ու պապերը իրենց իսկ ձեռքով քանդեցին կամ էլ գոմերի ու պահեստների վերածեցին աղոթքներով հառնած մեր սուրբ տաճարները և Սիբիրի ցրտաշունչ ճամփաներով աքսորեցին բազում քահանաների ու ազգի արդարների, որոնք մերժեցին համակերպվել անօրենության պղծությանը և չուզեցին ճշմարտությունը ստությամբ փոխել: Եվ այժմ մի սերունդ է ապրում, որը ոչ միայն չի ճանաչում իր Տեր Աստծուն, այլև չի էլ ուզում ճանաչել և, մոլորվելով, զանազան կուռքերի է երկրպագում, որը կարող է թե՛ սիրած երգիչ ու երգչուհի լինել, թե՛ մարմնամարզիկ, որոնց այդքան առատությամբ հրամցնում է այս աշխարհի իշխանը՝ սատանան, և դրանով իսկ մարդկանց հոգիները պղծում: Իսկ Պողոս առաքյալը նաև ավելացնում է, թե «ագահությունը նույնպես կռապաշտություն է» (Կող. Գ. 5)։ Իմա` երբ մարդը, հույսը դնելով հարստության վրա, մերժում է իր Տեր Աստծուն, ինչն այժմ տեսնում ենք մեր իսկ աչքերով:
Հնում հեթանոսական մի կուռք կար Մողոք անունով, որ քանանացիների պաշտած աստվածն էր: Այն երկաթի համաձուլվածքից էր պատրաստված՝ մեջը դատարկ: Երբ գալիս էր զոհաբերության և երկրպագության օրը, այդ կուռքի ներսում կրակ էին վառում այնքան ժամանակ, մինչև երկաթը շիկանում էր կարմրելու աստիճան: Եվ մարդիկ իրենց երեխաներին որպես զոհ, մերկ վիճակում բերում դնում էին կուռքի` առաջ պարզած ձեռքերի մեջ ու ողջակեզ անում նրանց: Այս տողերը կարդալիս երևի շատ ծնողների սիրտը ցավեց՝ պատկերացնելով այդ քստմնելի տեսարանը: Բայց լավ իմացիր, սիրելի հայրենակից, որ դու էլ հեռու չես նույն արարքից, եթե ինչ-ինչ պատճառներով արգելում ես քո երեխաներին իրենց նախնիների ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին դառնալ և նրան երկրպագել: ՈՒ դու ակամա նրանց քո իմացած կուռքերին ես հանձնում, որոնց հետևում սատանան է կանգնած՝ ձեռքերը պահած՝ դիվային ժպիտով հրճվելով:
Այժմ էլ մեր ազգը չարին խիստ ուրախություն է պատճառում, երբ թողած Աստծո ճշմարիտ խոսքը, որը զգուշացնում է` «գուշակություն, հմայություն և դյութություն ձեր մեջ չարվի», տարբեր հեռուստառադիո ծրագրերով մարդկանց խեղաթյուրում են, զանազան տիպի հեթանոսական-քաղդեական աստղագուշակություններով ու կենդանակերպերի միջոցով իբր ճակատագրերի կանխագուշակություններով մոլորեցնում, որը Աստծո աչքին խիստ գարշելի է, ու թե՛ կատարողը, թե՛ լսողը անպարտ չեն մնա Տիրոջ առջև:
Երբ եկեղեցում մկրտության արարողության ժամանակ երեխային (ինչ տարիքի էլ ուզում է լինի մկրտվողը, կոչվում է երեխա) բերում են քահանայի մոտ, նա սաղմոսներ և շարականներ երգելով՝ աղոթում է. «Ով մարդասեր Աստված, ընդունիր Քեզ ընծայվող երեխային, սրբիր միտքն ու խորհուրդները նրա՝ հակառակորդի ամեն ներգործումից: Արժանացրու Սուրբ Ավազանով լվանալ մեր մեղքերի հնությունը և քո շնորհի լույսով նորոգվել… լցրու նրան երկնային շնորհովդ և ուրախացրու ամենաբարի կոչումով քրիստոնյա անվանվելու և արժանացրու սրան Մկրտության վերստին ծննդյան սուրբ Ավազանին, ընդունելով Քո Սուրբ Հոգին՝ Քո Սուրբ Եկեղեցու մարմինը և անդամը լինի»:
Որից հետո թե՛ մկրտվողը, թե՛ մասնակիցները քահանայի հետ կանգնում են դեմքով դեպի արևմուտք, ձեռքերը հետևում, որը մերժելու, հրաժարվելու խորհուրդ ունի, արտասանում են.
-Հրաժարվում ենք սատանայից և նրա խաբեություններից,
պատրանքներից նրա,
խորհուրդներից նրա,
ընթացքից նրա,
չար կամքից նրա,
չար հրեշտակներից նրա,
չար պաշտոնյաներից նրա,
չար կամքը կատարողներից նրա,
և նրա ամբողջ չար գործողություններից
հրաժարվելով հրաժարվում ենք։
Որից հետո բոլորը, դառնալով դեպի հավատի լույսը, դեպի արևելք (սուրբ խորանի կողմը) ձեռքերն առաջ պահած ընթերցում են Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխի 15-20 համարները. «Եվ Հիսուսը մոտենալով՝ խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: ՈՒսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»:
Տարիներ առաջ մի բարձրաստիճան ոստիկանի մայր հալածվում էր իր որդու կողմից հավատքի պատճառով, բայց որոշեց տղայից թաքուն իր հիվանդ թոռանը, այսինքն` ոստիկանի որդուն, տանել և կնքել: Երեկոյան, երբ ամեն բան կատարված էր, և երեխան հրաշքով բժշկվել էր (այդպիսի դեպքեր շատ են կրկնվել. նույնիսկ եղել են դեպքեր, երբ մահամերձ երեխային կնքել են ու դրանից հետո նա ապաքինվել է), խստասիրտ ոստիկանն իմանալով եղելությունը, երեխային տարել է այդ նույն քահանայի մոտ և բարկացած հրամայել հետ կնքել իր երեխային և կնունքը չեղյալ համարել: Խորագետ քահանան հասկանալով, թե բանն ինչ է, աղոթքով Աստծուց իմաստություն ստանալով, խոսել է հոր հետ ու ասել, որ մկրտության արարողությամբ քո երեխան սատանայի ձեռքերից «Հրաժարիմք» աղոթքով վերցվել և հանձնվել է Քրիստոսին ի պահպանություն և ի փրկություն: «Եվ քանի որ դու՝ հայրդ, դեմ ես այս բանին, -շարունակել է քահանան, - քո իրավունքն է, և հիմա մենք կխնդրենք Աստծուց, որ քո երեխայից հրաժարվի և նորից կհանձնենք սատանային, ու դու էլ կվերցնես նրա ձեռքից և կգնաս տունդ»: Իմանալով ճշմարտությունը, սարսափած ոստիկանը ներողություն է խնդրում քահանայից և ուրախ-ուրախ երեխայի հետ տուն վերադառնում, որ որդին իր անմտության պատճառով նորից սատանային չմատնվեց:
Այս փոքրիկ եղելությունը թող դաս լինի յուրաքանչյուր հայորդու համար, ով իրեն քրիստոնյա է անվանում, և թող խորհի, թե անհավատության պատճառով ինքը և իր երեխաները դեռևս ո՞ւմ ձեռքում են գտնվում:
Ավելացնենք, որ այժմյան քրիստոնեական աղանդները, չհասկանալով աստվածապաշտության հոգևոր խորհուրդը, ասում են, թե Քրիստոսի խաչը, Տիրամոր և այլ պատկերներ ունենալ, կամ եկեղեցում դնելը կռապաշտություն է նշանակում: Թող այդպիսիներին պատասխանի մեր Գրիգոր վարդապետ Տաթևացին. «Իսկ եթե որևէ մեկը տարակուսի, թե ինչո՛ւ ենք մենք պատկերը պաշտում, համառոտաբար ասենք նրան. պատկերը, որ մենք երկրպագում ենք, ո՛չ թե դևերի ու կուռքերի պատկերն է, այլ Քրիստոսի և Տիրամոր կամ հրեշտակների ու սրբերի: Եվ ոչ թե պատկերները որպես աստված ենք պաշտում, այլ ում որ նա պատկերում է, նրան ենք երկրպագում և պատվում: Եվ պետք է իմանանք, որ ոչ միայն այդ օրհնված պատկերներն ենք պատվում, այլև Խաչը, քանի որ Քրիստոսը նրան միացած խաչվեց ու անբաժանելի է նրանից» (Տաթևացի, Գիրք քարոզության, Ամարան հատոր, էջ 14):
Իսկ ավետարանական ճշմարտությունը զգուշացնում է մեզ, թե ինչ է սպասում մարդկանց, որոնք թողել են իրենց Աստծուն:
«Արդարև Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունն անիրավությամբ են բռնած պահում: Ինչ կարելի է իմանալ Աստծո մասին, հայտնված է նրանց, քանզի Աստված ինքը հայտնեց այն նրանց. արդարև ի սկզբանե աշխարհի Աստծու աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը և զորությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ. այնպես որ, ամենևին արդարանալ չեն կարող, որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան: Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի և թռչունների և չորքոտանիների և սողունների:
Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկության, Աստված նրանց մատնեց պղծության, որ անարգեն իրենց մարմիններն իրենք իրենց մեջ. նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն:
Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենն իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը (այժմ ՍՊԻԴ հիվանդությունը-հեղ.)։
Եվ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծու արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմ. Ա. 18-32):
Իսկ վերջում, որպես խորհուրդ, այս պատվիրանի առիթով նորից հիշենք, որ Աստծուց առաջ ինչ էլ դնենք, լինի կին, ամուսին, երեխա, հարստություն, պաշտոն, նույնիսկ հայրենիք, ինքնաբերաբար այն վերածում ենք կուռքի և սկսում ենք երկրպագել, պաշտել և ծառայել դրանց:
Սուրբ Անտոն Անապատականը, լավ ճանաչելով մեղավոր մարդու էությունը, իր խրատներից մեկում ասել է. «Ի ապացույց, որ մարդը չի սիրում Աստծուն և նրա Քրիստոսին, այն է, որ նա չի պահում Տիրոջ պատվիրանները»:
Մեր ժողովուրդը քրիստոնեավայել մի սքանչելի խոսք-աղոթք ունի՝ «Առաջ Աստված», իսկ նույն սուրբ Անտոն Մեծը խրատում է. «Որտեղ էլ լինես, Աստծուն միշտ աչքիդ առջև ունեցիր»: ՈՒրեմն, եկեք հենց այդպես էլ ապրենք և մեր Աստծուն ամեն բանից վեր դասենք, որպեսզի նրա հավիտենական օրհնությունները վայելենք:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ